Գրում էի,թերթում մտքերս ուղեղում,կարդում ու էլի գալիս իրականություն.ես մենակ էի:Աշխարհիս երանելի պահերն ու զգացումները մենակ էի զգում,մենակ էի հասկանում,որ երբեմն էլ կարող եմ մենակ լինել:Ձմռան ցրտին ինքս էի փորձում թոքերի մեկ արտաշնչմամբ տաքացնել փոքրիկ ձեռքերս.ինձ տաքանալ պետք չէր ամենևին:Ու անդրադառնալով վերնագրին`ես փորձում էի չխոսել մենակությունից(ինձ ավելի շատ պետք էր հասկանալ անմենակությունը կամ չմենակությունը).մենակությունն ինքս էլ գիտեի...
Ու ես անկեղծ էի անգամ փոքրիկ թղթիս,թանաքոտ մատներիս ու գրչիս հետ:Հիմա էլ կփորձեի,կհամոզեի,որ նրանք գրեին ու ինձ,ամենայն համբերությամբ,բացատրեին իմ լռությունը:Բայց ինձ,որքան էլ տարօրինակ թվար,դուր էր գալիս.դա մի ներդաշնակ սիմֆոնիա էր`առանց նոտաների ու նոտատետրի:Ես մենակ չէի.ես ու իմ մենակությունն արդեն երկուսով էինք:Նա,գոնե,ինձ մենակ չէր թողել ամենադժվարին պահին.կողքիս էր,մատներիս արանքում,շնչիս տակ:
Ես թունավորված էի մենակության վարակով,բայց,ի տարբերություն մյուս վարակների,այն չէր էլ ուղեկցվում ջերմության բարձրացմամբ,հազով կամ գունատվությամբ.ես անվերջ ժպտու՜մ էի:
Մենակը մի մեծ ընկեր էր`ժամանակի ու տարածության մեջ:Այն բռնում էր ձեռքս,ներխուժում սենյակս ու անում այնպես,որ չնկատեի անգամ նրա փոքր ներկայությունը.մենակն ինձ մենակ էր թողնում:
Մարդն ի զորու է իր ողջ ուժով թելադրելու բանականությանը շարժվել աջ կամ ձախ,խոսել կամ լռել,երազել կամ դադարել:Մենակը շատ է օգնում:Երբ նրա հետ ես,կարողանում ես սթափվել,մտածել,կշռադատել և մտքերով սավառնե՜լ:
Մենակությունն ուժեղների համար է.թույլերն իրենք էլ կարող են ձուլվել հասարակությանը:Սակայն եթե ես շարունակեմ նույն տեմպերով շարադրել մտքերս,կստացվի`մենակը հրաշալի՜ բան է:Բայց իրականում պատկերն այլ է դառնում,երբ փորձում ենք ինչպես ամեն ինչի ու յուրաքանչյուրի մեջ,այնպես էլ դրա մեջ գտնել բացասականն ու քննել:
Մենակն իմ կողմից նմանեցվում է քաղցկեղի,բայց,զգալով ու մտածելով,որ քաղցկեղի բոլոր տեսակներն էլ ատելի են ու արհավրալի,ես կնմանեցնեմ դրան հենց թոքերի քաղցկեղի:Այն իրոք հիվանդություն է,անբուժելի հիվանդություն,որն անընդհատ,առանց վարանելու ու ծուլանալու,կրծում է ներսդ ու ցավեցնում.միշտ զգացնել է տալիս իր գոյության մասին:
Երբ դրսում անձրև է գալիս,ու դու ցանկանում ես ինչ-որ մեկի հետ իջնել դուրս`մի փոքր թրջվելու ու մաքուր օդ շնչելու,խենթանալու,մրսելու ու դողալու,ու երբ այդ ինչ-որ մեկը չկա,մենակություն է:Երբ ցանկանում ես մտքերով սավառնել ու երազել ինչ-որ մեկի մասին,անընդհատ թռչել ու բարձր քրքջալ,ու չկա այդ ինչ-որ մեկը,մենակություն է:
Երբ ամբողջ գիշեր մտածում ես այդ ինչ-որ մեկի մասին,մեծ ու ուռած աչքերով լուսացնում առավոտդ անքուն,ու այդ ինչ-որ մեկը չգիտի լուսացնելուդ մասին,էլի մենակություն է:
Եվ,ի վերջո,տալով մենակության դրական ու բացասական կողմերը`ես կարճ ու լակոնիկ կփորձեմ գոնե այս փոքր վայրկյաններում հիշել ժպիտդ,խոսքերդ,բարձր քրքիջդ ու իմ մենակի հետ լինել երկուսով...

Комментариев нет:
Отправить комментарий