понедельник, 14 ноября 2016 г.

Խելագարության երեք ամսիները ՝ փաստարկված ինչով ասես

Նա Քեթրինն է, մի փոքր այլ, որքան ինքն է կարծում ու իրեն շրջապատող մարդիկ: Մի փոքր տարբեր ու տաղանդավոր, սա իրենից կպահանջի ուրեմն նաև որոշակի պատասխանատվություն:Սրա արդյունքում հեղինակություն ունի, ինչը, հետո կպարզվի, իր համար այնքան էլ առաջնային չի լինելու:


Բանը սկսվեց լավությունից ու սիրուց, որոնք Քեթրինը ինչ-ինչ պատճառներով չի հասկանում: Քեթրինը հուլիսից, երբ արևն ու ջուրը միմյանց հետ եռում են ու եփվում, հաճելի գոլորշացնելով եղանակը՝ինքն էլ որոշում է գոնե հոգին հանել փորձառության՝սէր ստանալու ակնկալիքով: Չարաճճի է Քեթին ու շատ աղմկոտ, հիմա լռել գիտի ու անճանաչելի է Քեթին, բայց մինչ հիմա-յին հասնելը..



среда, 13 апреля 2016 г.

Ես կոլեգա չեմ,երբ չկա հեռանկար

Ոչ ոք նախօրոք չզգուշացրեց այն բանի մասին,որ երբ մտնում ես ինչ-որ կառույց, պետք է լինես կոլեգայակերպ մի բան: Պարզապես կարծել են գոնե կիմանա ու իմանալու դեպքում էլ «միջոցառումներ ձեռք կառնի»:  Սպասում էին միջոցառումների(երևի),ես էլ առաջարկներին: Ու չի լինում բաղձալի կապը, որովհետև երկուսն էլ վախենում են առաջինը փուսթ գնալուց:




Գլխի
ընկնելու համար մի ամբողջ տարվա փորձառություն պահանջվեց,ինչն,ըստ իս,շատ էր մի սովորական գլխի ընկնելու համար: Բայց ո՞վ էր մեղավորը,եթե ոչ ես,եթե ոչ գլխի չընկնողը:

Քայլում ես ու տեսնում մարդասեր կոլեգաների ու թաքուն սովորում ընկերասիրություն: Մինչև այդ ընկերության մասին ունեցած պատկերացումներդ հօդս են ցնդում,երբ տեսնում ես,թե ինչ հրճվանքով
է ամեն երկրորդը ցանկանում վերնադիրի անցկացրած «գիտական» օրերի մասին գիրք գրել: Ամեն երկրորդն,ով մինչ այդ դպրոցում փայլել է շարադրության թեթև ու միամիտ առաջադրանքներից,հիմա հարկ է համարել գրող լինել.ոգեշնչված է: Ես էլ կարծում էի պայքարն ավելի էփվող է լինելու, ավելի իրար հերթ չտվող, ավելի մրցակցային, բայց ամեն ինչ ձանձրույթի աստիճան կանխատեսելի է հիմա,երբ հասկանում ես սկզբունքը:

Հա,հիշեցի: Սովորելուց բացի հետևում էլ ես, որովհետև,երբ մի բան չես կարողանում անել կամ ԼԱՎ չես կարողանում անել,հետևիր,թե ԻՆՉՊԵՍ ԴԱ  
կանի պրոֆեսիոնալը: Դրան միացրու տևական փորձառությունդ,ու դու էլ,հնարավոր է,մի օր դառնաս էփված կատարածու:
Կոլեգա լինելու համար տեղերն ամրագրված են, ու թեև ունես շատ այցեքարտեր, բայց դահլիճ չես մտել տոմսեր վաճառելու օրերից առաջ, ծանոթ չես բեմի լուսավորությանը, թեև լավ դերասանուհի ես, բայց կապ չունի, ծանոթ չես նստարաններին, որտեղ պետք է նստես ու չգիտես՝ որն է ավելի ուժգնորեն դաղում քամակդ, որը՝ մի քիչ պակաս:Արդեն փակ ու օգտագործվելուց հալ ու մաշ էղած վարագույրը հազարավոր անգամներից առաջին անգամն է բացվում քո առաջ,ևս մի սուտ անգամ: Դու գնում ես դահլիճ ներկայացման օրը:Թատրոնը սկսված է: Որպես հանդիսատես,շատ ըմբոստ ես ու հպարտ, բայց սա չի խանգարում, կամ խանգարում է (եզրահանգումը թարմ է ու հիմա) կեղծելու դերասանների խաղի քո սթափ գնահատականը:

Բուլգակովը կասի՝ կա ավելի վտանգավոր բան մարդու համար, երբ նրան տաղանդի հաշվով ստում են: Մտքին կավելացնեմ՝կեղծելը լավ է, երբ կա հեռանկար, բայց թե կեղծես տաղանդի հաշվով, ու դերասանը դրանից տեղում դոփի, կտուժի թատրոնը:
«
Լռությու՛ն պահպանել,ներկայացումը սկսված է, գնահատականները մտքում»,-գոռում է ինչ-որ մարդ: Նա շատ բարձր է գոռում ու ամեն անպատեհ ձայնարկությունից թաքուն ու մեղկ հայացքով հետևում է հանդիսականների պատասխանին.հավանաբար բեմադրող ռեժիսորն է: Շարունակում է ու չի լռում.«Թե հիշողության հետ խնդիր ունեք հետագայում թղթին ամրագրելու համար, ուրեմն մի թեթև տխրեմ երևի Ձեր հաշվով, ինչ ասեմ»:

Ինքը տխրում է,իսկ իմ չիպն արդեն վերնագրեց:

Հետևում եմ դերասանական խաղին ու մտածում,թե հատ-հատ,յուրաքանչյուրի համար ինչքան դժվար է լինելու հետոն՝իսկական դերասանների հետ շփման մեջ մտնելու հետո-ն:Մի անգամ արդեն դժվար է եղել,երբ չեն իմացել,որ կան իսկական դերասաններ,ու մեծ վճռականությամբ բեմ են բարձրացել:Ինչ ճիգով են փախչելու:

Ներկայացումը դեռ չսկսված ավարտվում է,որովհետև կարճ է տևում ու ասելու բան թերևս չկա:Նա ով պիտի իմանար,վաղուց գիտի:
Ծափահարում են բոլորը: Փորձառությունից հալ ու մաշ եղած վարագույրը փակվում է՝ևս մի սուտ անգամ բացվելու ակնկալիքով:

четверг, 6 ноября 2014 г.

Որոշեցի մարդկանց ձեռքերը՝բնավորությամբ,հավաքել թղթապանակում:

Բլոգում շուտվանից ոչինչ չէր տեղադրվում,որովհետև ո՛չ ժամանակ կար,ո՛չ գրվելուն պատրաստ մտքեր,ո՛չ էլ ինքս էի ինձ ընթերցում:
Մի օր/իսկ էդ օրը հաստատ չեմ հիշում/ հասկացա,որ սերը դեպի մարդկանց ձեռքեր գնալով ավելի ու ավելի հիվանդագին է դառնում:Որոշեցի փնտրել մարդկանց,որոնց հաստատ կգտնեի,ու նկարում պատկերված ձեռքերի շարժումների միջոցով ցույց տալ բնավորություն:)
Մտածում էի մի բան կստացվի,նոր կգրեմ,բայց քանի որ համբերությունս մի քանի քայլ առաջ ընկավ ինձնից,շտապեցի:
Երբ մարդկանց հայտնեցի մտադրությանս մասին,սկզբում ինձ չհասկացան,հետո որոշեցի մինչև վերջ զինվել համբերությամբ և բացատրել,թե բանն ինչումն է,եթե,գոնե,բանը հասկացել էին:
Սկսեցի փորփրել ձեռքերի դիրքերի,շարժումների,գույների,ձևերի պատմություններն ու հասկացա,որ մենք մեզ ինքնաբերաբար ներկայացնում ենք մեր ձեռքերի միջոցով:


  • Ամեն մարդու ձեռքերի հետ տարվելու է հետաքրքիր աշխատանք:
  • Նրանց հատկացնելու եմ 20-30 սմ տարածք,որտեղ պետք է տեղավորել բնավորություն,էություն,տեսակ,նախասիրություն:
  • Ընտրվածներն իրենց ձեռքերը կարող են ներկայացնել ամենացնորամիտ վիճակներով:
  • Կարող են իրենց հետ բերել ծաղիկներ,գլխարկ,գրիչներ,մատիտներ,նոթատետր,թեյի բաժակ,թաշկինակ և այլն:

Նկարները ստանալուց հետո կսկսենք մեր հետազոտությունը:ճ

пятница, 27 июня 2014 г.




բարև իմ ներկա՝
անցյալից հետո ապառնիների վարագույրներով,
բարև,
որ եկար սավառնումից մեծ մի մեծ երկայնքով,
բարև ինձ մոտիկ հեռավոր ներկա,
ինչու՞ ես եկել,
քեզ սպասող դեռ կար:
թռիչքներից վեր
սողացող օրեր,
պարզ ու հասարակ,
երբեմն բարակ,
շոշափող օրեր:
մի բան միշտ հեռվում երևութաբար չքացավ մենակ,
այ դու չար ներկա,
ինչու՞ դու եկար,
քեզ սպասող դեռ կար..

пятница, 21 марта 2014 г.

Լիբերտանգո.







   






        



Արագացման ռեժիմին սեղմված`սկսում ես քայլել,հետո  հասկանում`կես ընթացքին հևասպառ ես,շնչառությունդ տեղի է տալիս,թվում է`ուր որ է կսպառվես,կփորձես ինքդ քեզ կառավարել,բայց...
Քեզնից առաջ ու քեզնից հետո.մի անկիրթ համեմատություն.





Շատ բան չպահանջվեց,փաստորեն,վերանայելու գերեզման մտած անցյալի վարկածներ,փոշու շորով մի թեթև սրբել,տեղ-տեղ ջրի նորարձակ ծիլերով ցեխ սարքել էղած-չեղածն էլ ու հանգիտս ննջել:Իսկ ես ինձ վաղու՜ց էի կտրել փիլիսոփա դառնալու մտքից,բայց դու շարունակում էիր ինքդ քեզ համոզել,որ բոլոր համոզմունքներս փիլիսոփայություն են,ոչ մի հավաստի տվյալներ,անգամ վկաներ չկան.վերջ,ինքն ա,որ կա:
Թվում է,թե նույն վիճակը պետք է լինի A,B,C կետերով շինված հարթության վրա,B-ն նույն կետը,նույն խաղաքարտը,նույն նշաձողը պետք է լինի,երբ փորձես վերջինիս հասնել C-ից ոտքով իջնելով կամ A-ից վերելակով բարձրանալով,բայց չէ՜,վերելակի ու ոտքի մեջ ահռելի տարբերություն կա,եթե ինձ թույլ տան,կասեմ նաև հեգնանք,ծաղր,մի քիչ էլ խղճմտա՜նք...

четверг, 9 января 2014 г.

ՀՈՐՍ ԿՈՂՄԻՑ ԸՆԿԵՑԻԿ



Կյանքի 16-րդ գարունն էր:
Փթթել էր ներսում բնակություն հաստատած երկճյուղ ծառն`իր հասած մրգերով ու համեղ պտուղներով:Սերեր էին պտտվում ուղեղում`մեկը մեկից հասուն,նորընտիր,լիքը:Ջերմատու արևը շարունակում էր կատարել իր`գրեթե դատապարտման հասած առաքչի պաշտոնը.անվերջ տաք շողեր արձակել ամեն ուր,ամենքին,ամեն տեղ.գարու՛ն էր:
Ու երբ ընկերները հոգ կտանեին բոլորի մասին անխտիր,այդ թվում`իր,նա մանկան նման կկատաղեր ավելորդ հոգատարությունից ու կկարոտեր անմիտ անհանգստություններին:Երբեմն էլ,առանց մի վայրկյան անգամ պատճառաբանելու,կգազազեր արևի`բոլորին բաշխած անխնա ջերմությունից.չարացած էր:
Հորը մտքում միշտ արև էր ասում:Մտքում,բայց թաքուն.չէ՞ որ երբեմն-երբեմն մտքերն էլ,խոսքից անպոչ գդալի նման առաջ ընկնելով,բարձրաձայնվում են:
Մարդիկ,առարկաներին անուններ տալով,ոչ թե տալիս են բուն առարկայի անունը,այլ ստեղծում բարենպաստ պայմաններ այդ անվանակոչված առարկաներն իրականություն դարձնելու համար:
Հորը միշտ արևացնում էր`ամեն վայրկյան ջերմություն փափագելով:
-Ի՞նչ ա,այ շան լակոտ,էլի կախե՞լ ես մռութներդ,էլի մռթե՞լ ես(մռթելն էլ հատուկ շինված էր Միքայելի նման տղաների համար.Միքայելն,իրականում,մռթել չգիտեր):
-Չէ,պա,հասկանու՞մ ես,ուղղակի,ծանր ու լարված օր եմ ունեցել:Ինձ կներեք,ձեզ ուրախություն չեմ կարողանում պարգևել:
-Էլի սկսել ա փիլիսոփայել:Փաստորեն մեր տանը հանճար է ապրում,իսկ մենք էշի ականջում քնած ենք:Բրավո,Մաեստրո Միքայել,չէ,չէ,Միքելանջելո,իսկ եթե Դավի՞թ:Ես անպայման ձեր ներկայացմանը կգամ ու մի ծափ կբաշխեմ ձեզ:Իսկ դուք մուրացկանի նման կխլեք իմ ձեռքից ձեզ բաժին հասած քրջոտ թիքեն:
-Է՜հ,եթե մի քիչ ներս ունենայիր շատ դրսերի փոխարեն:
-Ձե՛նդ,շան քած:Սկսել ա ինձ ուղղություններ ցույց տալ.մի սրան տեսեք:Եղբորիցդ հետո չպետք ա լույս աշխարհ գայիր,քո տեղը պետք ա Մարին լիներ,ու վերջ!
-Չբերեիք,ձեր ցանկություններում մի քիչ զուսպ գտնվեիք,զգուշավոր:
-Դու վիժվածքից էլ ահավոր ես:
-Բերել եք լույս աշխարհ,ուրեմն բարի եղեք,գոնե,շան լափը չթափել գլխիս`ձեր տված կյանքի դիմաց.ես ամեն վայրկյան կյանքիս համար կյանքովս եմ վճարում:
-Մի՜ քիչ դանդաղ,հիմա կլացեմ:Մեր ժամանակներում ուրիշ էր,մեր ժամանակներում հակաճառել չկար,էրեխեն սկի ամաչում էր հոր երեսին նայեր:
-Ափսո՜ս պապս չկա,ափսոս պապիս չեմ տեսել:Էնքան կուզեի տեսնել իրան հոր կարգավիճակում,իսկ քեզ`որդու:
-Ու շատ լավ ա,որ չես հասցրել պապիդ տեսնել.շատ կամաչեիր:
-Ավելի լավ:Գոնե մեկի օրինակով մարդ կդառնայի:
-Տո այ մունդրիկ շան որդի,էդ օրինակներն էլ էն անօգուտ քո նմանի համար.դու անուղղելի վիժվածք ես:
-Ես ՀԱՆՃԱՐ եմ,միայն թե դուք չեք ուզում ԸՆԴՈՒՆԵԼ ինձ հանճարի կարգավիճակով:
...
Արցունքները կոկորդում զսպելով`դուրս եկավ սենյակից,ու մի լավ լիքը ներշնչվելով`կրծքավանդակում մաքուր օդի պաշար հավաքեց,որ կարողանա դիմակայել հաջորդ փորձություններին:
Գնաց ու նստեց բակի կանաչ,չոր ու կոպտացած նստարանին,այն նստարանին,որ թախծել էր Միքայելի հետ,թացացել Միքայել հետ ու երգել հին ու մաշված օրերի մասին:Նստարանի`արդեն հավերժ անտոմս ուղևոր դարձած Սոնան իրեն էր սպասում:
-Սոոոն,ես քեզ էի ուզում:Գիտեմ`միշտ էստեղ ես կոպտացնում սիրուն ոտքերդ,բայց հենց էսօր ուզեցի քեզ գտած համարել:
-Չէ՜,որ վիճակդ լուրջ ա,էդ հաստատ:Հիմա ի՞նչ ա եղել:Էլի հորդ հետ շարքային լեզվակռիվ:Եթե ժխտես,մաղարիչ ունես,բայց էլի էդ դեպքն ա,փու՜ֆ:
-Բոլորիդ համար արդեն հերթական են դարձել հորս հետ լեզվակռիվները,իսկ ես ամեն անգամ էլ ավելի ուժգին ու ջանասիրաբար եմ վերցնում նրանից տականք լինելու շնորհը:
-Դու մինչև հայրդ էլ էիր տականք:
-Շնորհակալ եմ,Սոն,ապրես:
-Լավ,դե մի մռթի:
-Էլի էդ մռթի՞ն,ես չեմ մռթում,Սոնա:
...
Միքայելի համար Սոնայի`երկթերթ շուրթերից արձակված <<մթռին>> հավասար էր բազմաթույր համբույրների,իսկ ինքն այնքան սխալ էր,գրեթե անգրագետ:
Հիմա դուք կհարցնեք`միթե՞ նրա համար,ավելի շուտ`ինչու՞ ինքը կավից կերտեց մի շինվածք`Սոնա:Այո,և որովհետև ուրիշ մարդկանց դեպքերն ու դեմքերը տեսնելու պետքը չկար:Նրա`տանից դուրս գալն,ի տարբերություն իր մյուս հասակակիցների,չէր ուղեկցվում դպրոց գնալու ճանապարհով.նա գնում էր կանաչ նստարանի քովը`ոտքեր մաշացնելու:
Ախ այդ Սոնան,որն իր համար ավելին էր,քան սերը և պակաս,քան զգացմունքները:Սոնայանման էին օրերը,անՍոնա գիշերներն ու Սոնայածին առավոտները:
-Չէ,ես իրավունք չունեմ օդերին պատեհ-անպատեհ բաշխելու մտքերս:Եթե ինձ համար փայտը,փայտեցվածը,կոպիտը դուր են գալիս,ուրեմն թուղթն էլ դուր կգա.չէ՞ որ նա էլ ինչ-որ ժամանակ փայտ է եղել:
Ու հիմա`շատ տարիներ անց,երբ ռեֆլեքսորեն հետադարձ հայացք է գցում շատ հեռո հեռուներ,անիծում է այդ օրը`հուլիսի 23-ը`մատների թանաքոտման ու միջնամատի կոշտացման օրը:Նա անկանգ կերպով հիշում է ամեն վայրկյան`կապված այդ օրվան.Սոնայի`ես ամեն անգամ կգամ կոշտանալու,մենակ թե դու գրի:
Սոնան մուսան էր,Միքայելը փոշմանում էր.տխուր օրերի ուղեկիցն էր դարձրել նրան,գունավոր ակնոցները նետել էր բարձրությունից`ի հակառակ հրամցնելով արդեն ՄՈԴԱՅԻԿ սև-սպիտակը:
Ախ այս գազազած ու անսանձ մտքերը...
Ու մեկ էլ հայրը...
Հայր,որը,բացի քածերից,լակոտներից,պոռնիկներից խոսելուց,Միքայել էր տեսել,Միքայել էր նվիրել.երևի միակ առիթը,որ Աստված ներեց բազմաթիվ առիթների մեջ:
-Որդիս անառակ էր,բայց չվերադարձավ:
...
Կանաչ նստարանին նստած`վերջացրեց հանճարեղ գրքի վերջին հատվածը.
-Շնորհակալ եմ,արև՛,ինձ նախատելու.դրսերում քարշ տալու,անառակ դարձնելու ու չՀԵՐՈՒԹՅԱՆ համար:Շնորհակալ եմ,որ հիմա առիթ եմ ունեցել ապականված վիճակով,մեղքերով փարված գիրք գրել ու քեզ նվիրել,որ արևի նման ջերմություն բաշխես,բայց ոչ անխնա ու անմտացածին:
...ՀԱՆՃԱՐ ԵՄ...
Երեխա,ով ծննդատանը կորցրեց ձեռքին կապված դեղնադարչնագույն կտորը.անձեռակե՜րտ:
...
Որբ,ընկեցիկ,անմակագիր,բայց ՄԻՔԱՅԵԼ...!




среда, 30 октября 2013 г.

#կաղ_ու_նիկոտինե_վատառողջ_ու_անսարք

Ու եթե ժամանակն իշխեր մեզ,մենք էնքա՜ն զորավոր կլինեինք.մեզ պարգևատրեց ազատությամբ ու անսահման լկտիությամբ,որ չարաշահենք էղած-չէղածն էլ.հիմա չտեսի նման ուզում ենք մենակ հետ բերել:
Չկաս,չես հերիքում,ախր ո՞նց հերիքես,ինչով,երբ,եթե չկաս:
Ոչ մի պահ,կյանքից պտտված ու թափված ոչ մի վայրկյան մեղավոր չեղավ,որ դու հիմար էիր..բա որ հանկարծ,միամիտ ես նստեցի ու որոշեցի,որ պետք ա էսքանը հասկանամ,ոչ թե դես ու դեն անկապ,աննպատակ ու հիվանդ ժպտամ:
Մարդ հոգնում ա,էլ նեռվեր չկա,ուժերը հատվում են.ինքդ քեզ ռեֆրեշ ես անում,ընկնում քո երազանքների ձորից անդունդ,էս դեպքում`աղքատ իրականություն:
Ինչքանո՞վ են ինձ համար էս իրականությունը,դեպքերն ու դեմքերն աղքատ...
էնքանով,որ դրանք խորամանկ են:
Ինձ համար միշտ էլ խորամանկները աղքատ են եղել:
Մի բան լավ գիտեմ.պարապ մարդը խորամանկ ա,իսկ խորամանկը`աղքատ:
Հետևաբար եթե A=B, B=C, ուրեմն`A=C:
..իսկ եթե A-ն պատկանում է դատարկ բազմությանը՞
Իսկ եթե
A-ն ուղղակի հեծանիվ ա,կամ`աթոռ,կամ ոտքը կոտրած ու ցավացող սեղան...
A-ն կաղ ու նիկոտինե,վատառողջ ու անսարք դու ես,որ մեկ-մեկ էլ կարաս C լինես.չէ՞ որ վաղուց ես փորձեր արել սեփական երեսդ կորցնել:
Հիմա ոնց որ լավացել ես,հը՞ն,էլ չես կաղում ու տէնց էլ դուր չես գալիս.էն ժամանակ,որ կաղում էիր,անարխիստի նման նայում ու հրճվում էի,որ դու անզոր ես,իսկ ես`զորավոր:
Չարն եմ,չէ՞,ու Աստված ոչ արած`ես հանկարծ իմացա մարդու թույլ տեղը...

B-ին ընդհանրապես բանի տեղ չդրինք.միջակ ա,մենք,հիշու՞մ ես,վաղուց ենք ատել միջակների:

..երբեմն ուզում եմ փակել աչքերս`քեզ որոնելու համար,հետո բացել ու որոնածս միանգամից կորցնել,որ զգամ հետաքրքիր գլխապտույտ,ամուր բռնել ձեռքդ ու թռչել,որ վախս հաղթահարելու փորձն առաջին իսկ վայրկյանից հաղթահարելի լինի: