
Անիրական պահերի դու փորձեցիր մտածել ու պատկերացրու՞՝ստացվեց,երազել՝նույնպես,հետո շա՜տ նուրբ ժպտալ,որ սիրեմ քեզ,ձեռքդ մեկնեցիր,որ բռնեմ,փորձեցինք թռչել միասին շատ հեռու՝անծայրածիր հարթություն,որի ծայրը միայն մենք գիտեինք՝սկզբից ևեթ քայլեր դնելով ոտքերիս հետ հավասար..իսկ մեր քայլերն այնքա՜ն փոքր էին,մեր երազանքներից էլ փոքր,լրիվ մանր,ինչպես երկնքից թափվող անձրև կամ իմ կողմից նյարդայնացած ժամանակ մանրացրած-ճղրտած թղթեր,սպիտակ թղթեր:
Կփակեիր ամեն ինչից ու յուրաքանչյուրից հոգնած աչքերդ,չէ՜,սկզբում ծանրացած կոպերդ,հետո նոր հերթը կտայիր աչքերիդ:Տարիքդ մի քանի թվերով կփոքրացնեիր,որ փոքրանայիր ու ինձ հասկանայիր ոտքից գլուխ.չէ՞ որ ես պուճուր էի,գրեթե փոքր(ժպտում եմ):Հիմա էլ,մեր բակի կարուսելների վրա նստած՝ես փորձում եմ հիշել քո բոլոր նախադասությունները՝արտասանված ենթադրական եղանակով,լիքը <<կ>>-եր ու լիքը հետո-ներ քեզ հետ,քո կողքին,քեզնից հետո...
Երանելի մտքեր,որոնք ապրվել են,շնչվել,արտաշնչվել:Միգուցե իմ գրվածքները,ոչ,ավելի շուտ,ինձ կարդալիս իմ անորոշության համար ես արժանանամ ձեր՝մտքում արված անմիտ հեգնանքներին,բայց ինչևէ:
Ինձ համար հենց հիմա կարևոր է նա-ն,մեկ էլ՝նա-ն,որն անընդհատ ճանճի նման բզզում է կողքիս,ավելի շուտ՝ուղեղումս(ինձ այդ բզզոցն այնքա՜ն դուր է գալիս),հոգ չէ:
Չգիտեմ՝քեզ հետ որ դեմքով խոսել,երկրորդ,թե երրորդ:Ես գիտեմ,որ երկրորդ դեմքը խոսողին հայտնին է,այս պարագայում՝գրողին,իսկ քո դեմքն ինձ այնքան անծանոթ է,ծանոթ-անծանոթ:
Ես անընդհատ մտածում եմ իմ երրորդը սարքել երկրորդ ու քեզ հետ հավասար երկրորդանալ.մեկ էլ՝դու...

Комментариев нет:
Отправить комментарий