Մի պահ մտածում ես,որ աչքերդ փակել անզոր ես,կամ էլ`զորավոր,ուղղակի չես ուզում.միգուցե ցանկություն չկա,ինչպես չես հավատում հրաշքների,բայց մոր արգանդում երեխայի մնալն արդեն իսկ հրաշք ես համարում:Հիշում եմ`խոստացել էիր ամեն օր երիցուկներ նվիրել ու ինձ երիցուկահոտ սիրել,որ սկսեմ մեծանալ վերջապես,ես էլ խոստացել էի միշտ ժպտալ,ինչ էլ որ լիներ,որովհետև ես ամենաթույլ ուժեղն էի:Որքան էլ տարօրինակ թվար,գրելիս,չգիտես ինչու,էլի կցեցի իմ կողմից արդեն ատելության արժանանալուն հասցված "ամենա"-ն,որն ուղղակի օգտագործվեց ուղղակի`միայն թույլին կցելու համար:
Մինչև հիմա ես էլ եմ քեզ փնտրում,որովհետև ոչ ես,այլ մարմնիցս մի հատված,որը թող կոչվի ականջներ,կարոտել է քո ո՛չ պարբերաբար և ոչ անվերջ կրկնվող "վայրենի"-ներին.աշխարհում չսիրեցի օտարանալ:
Ես պերճանքներով երբեք չհռետորացրի պարզից էլ պարզ մտքերը,որոնք ես շատ հեշտությամբ թողեցի,որ խլեն ու ագահաբար դարձնեն իրենցը.ես տվեցի,ստացա,հետո տվեցի ու չստացա:Շարունակեցի ժպտալ,որովհետև ես ավելի քան ուժեղ էի.էդ դու էիր ինձ սովորացրել:
Ի զարմանս ինձ(զզվեցի,մինչև էս վերաբերականը գրեցի)`ինձ համար ստեղծվել էին բավարար պայմաններ`գիշերն արթուն ու հիմարացած անցկացնելու համար(հիմարացածը ես համարում էի ամեն մի միտք,որ ծնվում էր,երբ աչքերս էի փակում.աչքեր փակել էդպես էլ չսիրեցի.տողերի անկանգ վազքն ինձ տհաճ գլխապտույտ էր հիշեցնում):
Պայմանը բավարար իմ պատշգամբն էր`անմիջապես սենյակին կից:Սառը ջրով ջրոտում էի երկար գիշերային վերնաշապիկս ու բոբիկ ոտքերով դուրս գալիս պատշգամբ,ինձ պատկերացնում դրսում ու փշաքաղվում.հիմա էլ զզվեցի,մի՜ քիչ սիրտս խառնեց:
Որ գնամ գիշերվա կեսին մամային իրա անուշ քնից հանեմ ու ասեմ`վատ եմ,սիրտս խառնում ա,էս աննորմալ մտքերն են պատճառը,սրա դեղը մենակ աչքերը փակելը չի,քեզ անջատելն ա,կասի`գնա քնի,բալա,մեղք ես.մի օր գժվելու ես հաստատ:
Իսկ ես գիտեի,որ էլի մենակ եմ մնալու,ու բոլոր "եթե"-ներն էլ գիտեի`քո կողմից առաջադրված:Նույնն ա,ոնց ինձ հարցնես`սուրճը շաքարով,թե`առանց.ես շաքարովն եմ նախընտրում,բայց առանց շաքարն ինձ ավելի ա օգնելու..
Комментариев нет:
Отправить комментарий